ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունը
ԶԻՆԱՊԱՀ՝ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը, հիմնադրվել է 2017 թվականին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողներին (1-ին և 2-րդ խումբ) կայուն և շարունակական ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով՝ հանուն ապագա սերունդների խաղաղության և անվտանգության։
ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
ԶԻՆԱՊԱՀԻ ստեղծման և կայացման գործընթացում առանցքային և անգնահատելի է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դերը։ Հիմնադրամի ստեղծման գաղափարը պատկանում է ՀՀ Կենտրոնական բանկին, որը օրենքի նախագծի տեսքով կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ։
Ստորև ներկայացված տեսանյութում ներկայացված է ԶԻՆԱՊԱՀԻ ստեղծման պատմությունը և գործունեության առաջին հինգ տարիների կարևոր ուղենիշները։
ԶԻՆԱՊԱՀԸ տարածաշրջանում եզակի հիմնադրամ է, որի շրջանակում Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից կատարում է դրոշմանիշային պարտադիր վճար։ Հիմնադրամը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել Հայաստանի անվտանգության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությունն ու բարեկեցությունը։
ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները ձևավորվում են՝
- Հայաստանի հարկատուների կողմից վճարվող դրոշմանիշային պարտադիր վճարներից (1,000 և 15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից),
- աշխարհի տարբեր երկրներից ստացվող նվիրաբերություններից,
- ԶԻՆԱՊԱՀԻ ակտիվների կառավարման արդյունքում ստացվող եկամուտներից։
ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ Հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև բարձր մոտիվացիա ունեցող և փորձառու գործառնական թիմի միջոցով։
ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունն է համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունն ու արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ սկզբունքներին մեր հանձնառությամբ։
Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ այն զինծառայողների անվանացանկին, ովքեր զոհվել են, ճանաչվել են անհայտ բացակայող, ինչպես նաև ունեն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն, և որոնց տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև ամսական 100,000–300,000 ՀՀ դրամ՝ ըստ զինվորական կոչման՝ նրանց կայուն ֆինանսական բարեկեցությունը 20 տարի շարունակ (ըստ իրավասության) ապահովելու նպատակով։
2024թ․ հունվարին ԶԻՆԱՊԱՀԸ, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ինդեքսավորել է շահառուներին տրամադրվող ամսական հատուցումների չափերը և լրավճարները՝ բարձրացնելով դրանք 26%-ով։
Այսպիսով, ԶԻՆԱՊԱՀԸ ազգային համախմբման եզակի հարթակ է, որը նպաստում է հասարակության մեջ ամուր արժեքների, համոզմունքների և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը՝ հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի․․․
Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամություն ունեցող և անհայտ բացակայող զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների կողքին․․․