28

Օգս,

2024

2023թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգ

Հարգելի՛ հայրենակից,

Տեղեկացնում ենք, որ ԶԻՆԱՊԱՀԸ 2024թ․ փետրվարից մեկնարկել է 2023թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։

Տեղեկացնում ենք, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր՝ դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը ԶԻՆԱՊԱՀԸ ինքնաշխատ հարցման միջոցով ստանում է՝

  • Պետական Եկամուտների կոմիտեից – հաշվետու տարվա համար դիմումատուի վճարած դրոշմանիշային վճարի գումարների մասին, բացի ուժային կառույցում աշխատող դիմումատուների։
  • Պատշպանության նախարարությունից - պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնված լինելու ժամկետների մասին։
  • Բնակչության պետական ռեգիստրից – դիմումատուին (քաղաքացուն) նույնականացնելու համար

Այսուհետ միայն հատուկ դեպքերում կպահանջվեն թղթային տեղեկանքներ, որը և կթեթևացնի դիմում ներկայացրած մեր հայրենակիցների հոգսը։

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ, Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ԵՎ Ո՞Ր ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

ԶԻՆԱՊԱՀԻՆ վճարված դրոշմանիշային վճարի գումարները ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են դիմելու տարվան նախորդող հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված, ինչպես նաև ԱՁ-ի կամ Նոտարի կողմից պահված և պետական բյուջե փոխանցված հետևյալ 2 դեպքերում:

  • Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք և/կամ զավակ եք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ այս պարագայում անձը կարող է դիմել ԶԻՆԱՊԱՀԻՆ 2024թ․՝ զինծառայողի 2023թ․-ին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու փաստացի ամիսների համար։

  • Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին և/կամ զավակ եք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ այս պարագայում, եթե օրինակ զինծառայողը զոհվել կամ մահացել է 2023թ-ին, վերադարձը կատարվում է մահվան ամսվա 1-ից մինչև 2023թ-ի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար; Իսկ եթե զինծառայողը զոհվել կամ մահացել է 2023թ․-ին նախորդող տարիների ընթացքում, ապա վերադարձը կատարվում է ամբողջական տարվա համար։   

ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ և Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմումը կարող եք ներկայացնել հետևյալ 3 եղանակներից որևէ մեկով՝

  • ՆԱԽԸՆՏՐԵԼԻ - էլեկտրոնային եղանակով` ԶԻՆԱՊԱՀԻ կայքի դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու համար նախատեսված դիմումների առցանց հարթակի միջոցով

Անհրաժեշտ է լրացնել կայքի էլեկտրոնային դիմումի ձևը ՝ https://stampreturn.zinapah.am/։ Դիմումների առցանց հարթակում դիմումի մուտքագրման և ներկայացման համար անհրաժեշտ է հետևել ցուցումներին, լրացնել  պահանջվող պարտադիր դաշտերը և կցել պահանջվող փաստաթղթերը։

  • փոստային ծառայության միջոցով

Փոստային եղանակով՝ ուղարկելով փաստաթղթերը հետևյալ հասցեին․

ԶԻՆԱՊԱՀ

ք Երևան, 0010

ՀՀ, Վ Սարգսյան փող 26/1, սենյակ 317

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խորհուրդ ենք տալիս փաստաթղթերն ուղարկել Պատվիրված տարբերակով: Հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում դիմումները առձեռն չեն ընդունվում, ինչպես նաև Ձեզ չի տրամադրվի խորհրդատվություն։

  • էլեկտրոնային info@zinapah.am փոստի հասցեին ուղարկելու եղանակով՝ կցելով Դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները:

Ներկայացված դիմումի ամբողջականության դեպքում Ձեր կողմից պահանջվող դրոշմանիշային վճարի գումարի վերադարձը կկատարվի առավելագույնը 60 օրվա ընթացքում` դիմողի կողմից նշած բանկին կամ բանկային թղթակցային հաշվին դրոշմանիշային վճարի գումարի փոխանցումով: 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ԶԻՆԱՊԱՀ թեժ գծի հեռախոսահամարին՝ 012 55 10 55