ԶԻՆԱՊԱՀԸ կարգավորող օրենքի փոփոխություն
Հարգելի՛ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներ,
Կարևորելով ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների առաջարկությունները և կարծիքը, ինչպես նաև փորձելով սատար կանգնել և բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար՝ ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ, մշակել է ԶԻՆԱՊԱՀԸ կարգավորող օրենքի փոփոխության նախագիծ։
Համաձայն այդ նախաձեռնության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել է, կշարունակեն ստանալ ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։
Սա նշանակում է, որ եթե օրինակ՝ 1-ին խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճան ունեցող անձը (հիմնադրամի շահառուն) վերափորձաքննության արդյունքում ճանաչվի 2-րդ կամ 3-րդ խմբի զինհաշմանդամ կամ ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակման աստիճան ունեցող անձ, ապա դա չի հանգեցնի նշանակված հատուցման գումարի վերանայման (նվազեցման) կամ դադարեցման:
Ավելին՝ 2024թ․ հունվարին ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարված 26% ինդեքսավորումը կտարածվի նաև նշված շահառուների հատուցման ամսական գումարների վրա։
Օրենսդրական այս փոփոխությունը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, արժանեցել դրական եզրակացության։ Հաշվի առնելով նախագծի կարևորությունը՝ հանձնաժողովի որոշման համաձայն այն ԱԺ-ում քննարկվել է 24-ժամյա ռեճիմով։
Եվ այսօր՝ հուլիսի 11-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել և ընդունվել է ՀՀ Ազգային ժողովում։
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրությամբ պաշտոնական հրապարակումից 10 օր անց։ Այս փոփոխությանը կտրվի հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ ԶԻՆԱՊԱՀԸ կվճարի հատուցման գումարները նախկին չափով, ինչպես նաև միանվագ կերպով կվճարի օրենքի փոփոխության արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը նախորդ ժամանակահատվածի համար:
Սույն փոփոխության հետ կապված հուլիսի 15-ի դրությամբ ԶԻՆԱՊԱՀԸ ունի 293 շահառուներ, որոնցից 46-ի հաշմանդամության խումբը փոփոխվել է 1-ինից 2-րդի կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճանից ծանր աստիճանի, և 247-ի հաշմանդամության խումբը փոփոխվել 1-ին կամ 2-րդից 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճանից միջին աստիճանի։
ԶԻՆԱՊԱՀԻ ամսական հատուցման գումարը կվճարվի օրենքը կիրարկվելու ամսվանից ԶԻՆԱՊԱՀԻ կողմից բացված հատուկ հաշվին, որին փոխանցվում է ամսական հատուցման գումարները։
Այս ծրագիրը նպատակ ունի ևս մեկ անգամ ցույց տալ մեր գնահատանքը և շնորհակալությունը մեր զինծառայողներին։
Հարց ու պատասխան
Ես ունեմ 1-ին խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճան, որը փոխվել է 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության ծանր սահմանափակման աստիճանի։ Արդյո՞ք օրենսդրական այս փոփոխությունը վերաբերելի է ինձ։
Այո, այս օրենսդրական փոփոխությունը տարածվում է ԶԻՆԱՊԱՀԻ 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող շահառուներին, ովքեր ունեցել են զինհաշմանդամության խմբի վերանայում և փոփոխություն, այն է՝ 1-ինից անցել են 2-րդ (ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճանից ծանր աստիճանի) կամ 2-րդից 3-րդ խմբի (ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճանից միջին աստիճանի)։
Որքա՞ն է կազմելու իմ հատուցման ամսական գումարը այս օրենսդրական փոփոխության արդյունքում։
Դուք կստանաք ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու պահին Ձեզ նշանակված հատուցման գումարը, որն ի դեպ բարձրացվել է 26%-ով 2024թ․ հունվարից սկսած։
Օրինակ՝ եթե ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու պահին ձեր հատուցման ամսական գումարը կազմել է 250,000 ՀՀ դրամ, ապա այժմ այն կկազմի 315,000 ՀՀ դրամ։
Ավելին, օրենքին տրվել է հետադարձ ուժ։ ԶԻՆԱՊԱՀԸ վերահաշվարկ է կատարելու և միանվագ ձեզ է փոխանցելու վերանայված ամիսների հատուցման գումարի տարբերությունը։
Երբվանի՞ց եմ ստանալու ԶԻՆԱՊԱՀԻ հատուցման գումարը։
ԶԻՆԱՊԱՀԻ ամսական հատուցման գումարը կստանաք ԶԻՆԱՊԱՀԻ կողմից բացված հատուկ հաշվին օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվանից։ Իսկ վերահաշվարկված գումարը՝ օրենքն ուժի մեջ մտնելու ամսվանից հետո հնարավորինս սեղմ ժամկետում։
Ես 2-րդ ից 3-րդ խումբ փոխվելուց հետո (ֆունկցիոնալության ծանր սահմանափակման աստիճանից միջին սահմանափակման աստիճանի) գումար էի ստանում 2 մասով ԶԻՆԱՊԱՀԻՑ և պետությունից։ Օրենքի փոփոխությունից հետո պետության կողմից այլևս չե՞մ վճարվելու։
Օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդ ամսվանից հատուցման գումար ստանալու եք միայն ԶԻՆԱՊԱՀԻՑ` համապատասխան Ձեր նախնական հաշմանդամության կարգի։
Եթե ամենամյա ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ես զրկվեմ զինհաշմանդամության խմբից, կշարունակե՞մ ստանալ հատուցման գումար։
Այո։ Եթե Հիմնադրամի շահառու եք ճանաչվել 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամության հիմքով կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճանով, ապա կշարունակեք ստանալ հատուցման գումարը՝ անկախ կարգից զրկվելուց։
Արդյո՞ք օրենքի փոփոխությունը վերաբերվում է ի սկզբանե 3-րդ խումբ ունեցող զինհաշմանդամներին կամ ֆունկցիոնալության միջին սահմանափակման աստիճան ունեցող անձանց։
Օրենքը վերաբերում է միայն 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամության կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման հիմքով ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դարձած անձանց։ Այսինքն՝ եթե քաղաքացին ի սկզբանե չի դարձել ԶԻՆԱՊԱՀԻ շահառու, ապա օրենքը չի տարածվում վերջինիս վրա։
Արդյո՞ք սահմանվելու է վճարման նոր օր։
Ոչ։ ԶԻՆԱՊԱՀԻ կողմից վճարումները շարունակվելու են կատարվել յուրաքանչյուր ամսվա 10-ին։
Արդյո՞ք գումարը փոխանցվելու համար բացվելու է նոր հաշվեհամարներ։
Ոչ։ Գումարը փոխանցվելու է նախկինում ԶԻՆԱՊԱՀԻ կողմից Ձեզ համար բացված հատուկ բանկային հաշվին։