19

Փտրվ,

2024

ԶԻՆԱՊԱՀԻ ամսական հատուցման գումարները կբարձրանան

Հարգելի՛ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներ,

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը և գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը և դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ արժանի մեր զինծառայողների նվիրվածությանն ու զոհաբերությանը:

Ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր շահառուներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին մեր հայրենիքի համար, մենք պարտավորվում ենք անել հնարավորը մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատար կանգնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

Առաջնորդվելով այդ սկզբունքով ՝ ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ ԶԻՆԱՊԱՀԸ վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։

Ինդեքսավորումը կտարածվի շահառուների միայն ամսական հատուցման վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։ 

Օրինակ՝ եթե շահառուի ամսական հատուցման գումարը 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։

Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ ամսական հատուցման գումարների բարձրացված աղյուսակին։

Այս ծրագիրը նպատակ ունի ևս մեկ անգամ ցույց տալ մեր գնահատանքը և շնորհակալությունը։ 

Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։

Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ հունվարի 1-ից սակայն վճարումները կիրականացվեն 2024թ մարտի 1-ից։ Այսպիսով, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ մարտի 1-ին ԶԻՆԱՊԱՀԸ կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։ 

Այս փոփոխությամբ պայմանավորված՝ 2024թ․ մարտից ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների հատուցման ամսական վճարումները կկատարվեն միայն յուրաքանչյուր ամսվա 10-ին ներկայիս 5-ի և 15-ի փոխարեն։

 

ՀԱՐՑ

 ՊԱՏԱՍԽԱՆ

Ի՞նչ է ինդեքսավորումը

Հատուցման գումարի բարձրացում 26%-ով ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ։

Օրինակ՝ եթե շահառուի ամսական վճարը կազմում է 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն կբարձրանա 26%-ով, այսինքն՝ շահառուն այսուհետ կստանա 252,000 ՀՀ դրամ։

Հատուցման ո՞ր վճարների վրա է տարածվում ինդեքսավորումը  Ինդեքսավորումը տարածվում է միայն՝
  • հատուցման ամսական վճարների և
  • լրացուցիչ վճարների վրա։
ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՎՈՒՄ։
Ու՞մ է վերաբերում հատուցման գումարների ինդեքսավորումը

Այս փուլում հատուցման գումարների ինդեքսավորումը տարածվում է բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից հետո դիմող նոր շահառուների վրա։

3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարները և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարները այս փուլում չեն ինդեքսավորվի։

Ի՞նչ է սպասվում ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող զինծառայողներին, ովքեր ունեցել են հաշմանդամության խմբի փոփոխություն

Առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ հաշմանդամության խմբի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։

Երբվանի՞ց է ուժի մեջ մտնում ինդեքսավորումը Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024թ մարտից։

Ինդեքսավորվում են արդյո՞ք 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները

Այո, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։

2024թ մարտի 1-ին ԶԻՆԱՊԱՀԸ կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։

Որքա՞ն հավելյալ ֆինանսական պարտավորություն է ձևավորում ինդեքսավորումը ԶԻՆԱՊԱՀԻ համար

Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով։

Արդյո՞ք ինդեքսավորման արդյունքում կրճատվում է 20 տարի ժամկետը

Ոչ, ինդեքսավորման արդյունքում չի կրճատվում հատուցման ժամկետը։ 20 տարի ժամկետը սահմանված է օրենքով և չի փոփոխվում։

 

 Միասին՝ զինվորիս կողքին․․․