06

Դեկ,

2023

ZINHUB միասնական առցանց հարթակը ներկայացվեց հանրությանը

2023թ․ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի` «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված ZINHUB միասնական առցանց հարթակի ներկայացումը։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ կողմեր։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հարթակի ստեղծմանը ներգրավված 3 կողմերին և նշել, որ համատեղ գաղափարի իրագործումը հնարավորություն է տալու և պատերազմի մասնակիցներին, և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև դժվարին իրավիճակում հայտնված անձանց մասնակցելու համապատասխան դասընթացների, ստանալու նոր կարողություններ ու հմտություններ և աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Հարթակը երկար ճանապարհ ունի անցնելու և ավելի լայն նպատակների է ծառայելու՝ քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ։

zinhub

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ելույթում կարևորեց միասնական հարթակի ստեղծման գաղափարը․ «Գործընկերներով որոշեցինք ուժերը մեկտեղել և ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը հեշտությամբ կողմնորոշվել, գտնել դասընթացի և աշխատանքի վերաբերյալ հայտարարություն։ Հարթակի օգտատերերը գտնվելու են բոլոր գործընկերների ուշադրության կենտրոնում, իսկ մենք փորձելու ենք բոլոր ուժերը գործադրել ու նրանց ապահովել համապատասխան աշխատանքով»։

Նախաձեռնող կողմերի ղեկավար ներկայացուցիչների ողջույնի խոսքից հետո ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական ծրագրերի համակարգող Արփինե Զարգարյանը և ՀՀ ԱՍՀՆ, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը ներկայացրին ZINHUB միասնական առցանց հարթակի նպատակը, թիրախային խումբը, հնարավորությունները և հարթակից օգտվելու եղանակները։

ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը շնորհավորեց ներկաներին ZINHUB հարթակի ներկայացման առթիվ։ Նա անդրադարձավ ZINHUB հարթակի ստեղծման գաղափարի ակունքներին։ 44-օրյայից հետո տարբեր կազմակերպություններ փորձում Էին օգտակար լինել ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին՝ իրականացնելով բազմաբովանդակ ծրագրեր, դասընթացներ։ Դրանք համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով  անհրաժեշտություն էր առաջացել համատեղել և համակարգել բոլորի ջանքերը մեկ վայրում` ստեղծելով  այդ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների օնլայն հարթակ, որը կողմերի միջև կապահովի փոխադարձ համագործակցություն։ Եվ ահա համատեղ ջանքերով մշակվեց ZINHUB հարթակը, որը հիանալի հնարավորություն է հանրային/մասնավոր հատվածի փոխադարձ համագործակցության ապահովման համար։

Կարինե Սարգսյանը խոստացավ հետևողական լինել հարթակի տարածման հարցում և կերտել հաջողության օրինակ։

ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական ծրագրերի կոորդինատոր Արփինե Զարգարյանի խոսքով ZINHUB հարթակը ծառայելու է 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքներին։ Հարթակը ունի տարբեր բաժիններ՝ նախատեսված դասընթացների և ծրագրերի համար։ Այստեղ մասնակից ընկերությունները կարող են տեղադրել իրենց կողմից առաջարկվող դասընթացները, առկա ծրագրերը, ինչպես նաև առաջարկել աշխատանքի հնարավորություններ։

Արփինե Զարգարյանը կարևորեց գործընկեր կազմակերպությունների և ՀԿ-ներ, հիմնադրամների ներգրավվածությունը ZINHUB հարթակի հաջողության հարցում։ Առանց այդ աջակցության և մասնակցության, հարթակի մասին իրազեկելը, շահառուների ներգրավումը հաջողություն չի գրանցի։

Հաջորդիվ ներկաներին ցուցադրվեցին ZINHUB հարթակի հնարավորությունները, բաժինները, ինչպես նաև զարգացման հետագա տեսլականը։