ԶԱՀ-ից ԶԻՆԱՊԱՀ
2023թ․ ապրիլի 26-ին տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) մամլո ասուլիսը, որի ընթացքում ԶԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2022թ․ տարեկան և 2023թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԱՀ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն՝ Նարինե Գալստյանը առաջին անգամ լրատավամիջոցներին և հանրությանը ներկայացրեց հիմնադրամի նոր անվան՝ ԶԻՆԱՊԱՀԻ և հիմնադրամի վերաբրենդավորման ծրագիրը։
2017-2022թթ․․ ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է տրամադրել 5,090 շահառուների։ Միայն 2022թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ․ 1-ին եռամսյակին՝ 52 զինծառայող։
2017-2022թթ․ ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 70,9 մլրդ ՀՀ դրամի չափով։
2022թ․ ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,5 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 16,8 մլրդ ՀՀ դրամի չափով։
2023թ․ 1-ին եռամսյակին ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 10,5 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,1 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 3,9 մլրդ ՀՀ դրամի չափով։
2022թ. տնօրենի ամբողջական հաշվետվություն
Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (նախկինում 1000+) այսուհետ ներկայանալու է հանրությանը ԶԻՆԱՊԱՀ անվամբ՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: Հիմնադրամի նոր ամբողջական անվանումը կլինի․
ԶԻՆԱՊԱՀ
Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամ
- ԶԻՆԱՊԱՀԻ լոգոն ուրվագծում է արծիվ որպես ոգու, անընկճելիության և արիության ուժ և նրանք մեր քաջարի զինվորներն են։
- Արծիվը կրում է վահան, որը խորհրդանշում է ԶԻՆԱՊԱՀԸ, որն ամուր է պահում սահմանին կանգնած մեր արծիվների թիկունքը՝ ապահովելով պաշտպանվածություն։ Վահանը մեր պետականության և հայրենիքի պաշտպանվածությունն ապահովող միջոց է։
- Վահանի կենտրոնական մասում պատկերված է ցորենի հասկ` որպես վերածննդի և կյանքի շարունակության խորհրդանիշ:
ԶԻՆԱՊԱՀԻ կարգախոսն է՝ միասին՝ զինվորիս կողքին․․․՝ արտահայտելով մեր ազգովի աջակցությունը մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին, նաև ընդգծելով ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունը՝ որպես ազգային հաջողած նախագիծ։
Օգտվելով առիթից` Կարինե Սարգսյանը ԶԻՆԱՊԱՀԻ անունից իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի և ամբողջ աշխարհի բոլոր անհատներին և կազմակերպություններին/համայնքներին, իրենց պարտադիր դրոշմանիշային վճարումները և նվիրաբերությունները կատարելու համար։ Հենց այդ աջակցության շնորհիվ ԶԻՆԱՊԱՀԸ կարողանում է իրականացնել իր առաքելությունը՝ հոգալ այն զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքները, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերել են հանուն Հայաստանի և նրա սահմանների անվտանգության։