Հարց ու պատասխան ԶԻՆԱՊԱՀԻ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների մասին
1. Օրենքի փոփոխության արդյունքում ովքե՞ր կարող են դրամական աջակցություն ստանալ Հիմնադրամից։
Դրամական աջակցությունը տրամադրվելու է այն անձանց, ովքեր ունեցել են 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն, դարձել են հիմնադրամի շահառու, սակայն հերթական բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձիք։
Օրենքի փոփոխությունը վերաբերելի չէ ի սկզբանե 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող (երբևիցե Հիմնադրամի շահառու չհամարված) անձանց։
2. Որքա՞ն է կազմելու դրամական աջակցությունը։
Դրամական աջակցության չափն է․
• սպայական կազմի զինծառայողներին` 75,000 ՀՀ դրամ
• պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50,000 ՀՀ դրամ
• պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25,000 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշված գումարի չափն ավելանում է պետության կողմից վճարվող հաշմանդամության զինվորական կենսաթոշակին և պարգևավճարին։ Բաշխումը՝ ստորև աղյուսակում։
Աղյուսակում սպայական և պայմանագրային զինծառայողների հաշմանդամության զինկենսաթոշակների չափերը միջինացված են։
3. Ի՞նչ ժամկետով է տրվելու աջակցությունը։
Նախատեսված դրամական աջակցությունը տրվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով` սկսած 2022 թվականի հունվարի 1-ից հետո 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու ամսվանից:
Դրամական աջակցությունը դադարեցվում է զինծառայողին կրկին շահառու ճանաչելու կամ 36-ամսյա ժամկետը լրանալու կամ զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ զինծառայողի մահվան կամ օրենքում նշված ժամկետը լրանալու դեպքում (օրենքով սահմանված է ժամկետ` մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, որից հետո դրամական աջակցության վերաբերյալ դրույթները համարվում են ուժը կորցրած):
4. Նախորդող ամիսների համար վճարվելու է, թե ոչ։ Օրինակ՝ եթե շահառուն բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 2022-ի փետրվարին և ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ, արդյո՞ք օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նախորդող ամիսների գումարը պետք է վճարվի միանվագ գումարի տեսքով։
Դրամական աջակցությունը տրվում է 2022թ-ի հունվարի 1-ից հետո 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան վերջին անգան Հիմնադրամից հատուցման գումար ստանալու ամսվան հաջորդող ամսվանից:
Ըստ այդմ, եթե շահառուն բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 2022թ-ի փետրվարին և ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ, ապա դրամական աջակցությունը կտրվի փետրվարից, եթե զինծառայողը փետրվար ամսվա համար, որպես հիմնադրամի շահառու, հատուցման գումար չի ստացել, կամ այլ կերպ ասած` 2-րդ խմբի հաշմանդամությունը սահմանված է եղել մինչև փետրվարի 1-ը:
Իսկ եթե օրինակ՝ զինծառայողի 2-րդ խմբի հաշմանդամությունը սահմանված է եղել մինչև 2022թ-ի մարտի 1-ը, և շահառուն 3-րդ խմբի հաշմանդամ է ճանաչվել (բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվել) 2022թ-ի փետրվարին, ապա դրամական աջակցությունը կտրվի մարտից: Այլ կերպ ասած` նույն ամսվա համար զինծառայողին չի կարող վճարվել դրամական աջակցություն և հատուցման գումար:
5. Արդյո՞ք բոլոր 3-րդ խմբի (միջին աստիճանի սահմանափակումով) հաշմանդամություն ունեցողներին է վերաբերվում փոփոխությունը։
Ոչ: Խնդրո առարկա փոփոխությունները վերաբերում են այն անձանց, ովքեր հանդիսացել են հիմնադրամի շահառու (ունեցել են 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն) և բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձիք (դադարել են համարվել հիմնադրամի շահառու): Այսինքն՝ օրենքի փոփոխությունը վերաբերելի չէ այն զինծառայողներին, ովքեր ի սկզբանե ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ (երբևէ չի հանդիսացել հիմնադրամի շահառու)։
6. Վերականգնվելուց հետո նախկինում ստացածս գումարի չափն եմ ստանալու:
Զինծառայողի՝ կրկին հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում օրենսդրական փոփոխությունների հիման վրա վճարված դրամական աջակցության գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են հասանելիք ընդհանուր հատուցման գումարից՝ Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով:
7. Եթե իմ կարգը փոխվել, ես որտե՞ղ պիտի դիմեմ գումար ստանալու համար:
Նախատեսվում է դրամական աջակցության գումարները վճարել 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու մասին փաստաթղթի հիման վրա, որը հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմինը (այն մարմինը, որտեղ ծառայել է զինծառայողը): Ըստ այդմ, այս պահին որևէ տեղ դիմելու անհրաժեշտություն չկա, իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել կամ համապատասխան մարմնի (այն մարմնի, որտեղ ծառայել է զինծառայողը) սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը կամ Հիմնադրամին (+374 12 551055):
8. Ո՞ր հաշվին եմ ստանալու գումարը:
Դրամական աջակցության գումարը փոխանցվելու է այն բանկային հատուկ հաշվին, որին փոխանցվել է հատուցման գումարը:
9. Կրկին համարվելու՞ եմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու:
Օրենքով հստակ ամրագրված է, որ հիմնադրամի շահառու են հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Ըստ այդմ, Դուք ոչ թե համարվելու եք հիմնադրամի շահառու, այլ հիմնադրամից ստանալու եք համապատասխան դրամական աջակցություն: