Նվիրաբերողների ճանաչման անվանակարգեր
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծման առաջին օրից՝ 2017թ․-ից, նվիրաբերություններ է ստանում Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Մեր հայրենակիցներից շատերը հենց առաջին պահից են հավատում հիմնադրամի առաքելության կարևորությանն ու պարտադիր վճարներից զատ իրենց աջակցությունը ցուցաբերում նվիրաբերությունների տեսքով։
Այս 6 տարիների ընթացքում պարբերաբար տարբեր ձևաչափերով շփվելով նվիրաբերողների հետ՝ Հիմնադրամն այդպես էլ հնարավորություն և տարբերակներ չուներ յուրաքանչյուր նվիրաբերողին շնորհակալություն հայտնելու և ճանաչելու։
Այդ բացը լրացնելու համար Հիմնադրամի թիմը նախաձեռնեց մեր նվիրաբերողների համար հատուկ անվանակարգեր ներդնելու գաղափարը։
Փնտրտուքներում, թե ինչպես կարող են կոչվել անվանակարգերը, ընտրությունը կանգնեց Հայաստանի հզոր և կարևոր նշանակության մայրաքաղաքների կամ հայկական պետության անվանումների վրա։ Բերդաքաղաք Անին՝ իր անառիկ պարիսպներով, Կարսը՝ իր ծաղկման հզոր ճանապարհով, Վանը՝ իր հարատևությամբ, Դվինը՝ ապահովությամբ և Արցախը՝ որպես մեր հաղթանակի և պայքարի խորհրդանիշ, դարձան մեր նվիրաբերողներին շնորհակալություն հայտնելու յուրօրինակ դրսևորումը։
Այս 5 անվանակարգերից յուրաքանչյուրի համար սահմանվեց նվազագույն և առավելագույն շեմ, որը թույլ է տալիս մեր նվիրաբերողներին ընդգրկվել անվանակարգերում՝ ըստ իրենց նվիրաբերության չափի։ Հուսով ենք, որ այն կայուն նվիրաբերությունների ոգեշնչման աղբյուր կդառնա՝ հանուն մեր զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցիկ ապագայի։
Անհատ նվիրաբերողների ճանաչման անվանակարգերը հինգն են։ Նվազագույն շեմը 1,000 ՀՀ դրամն է, քանի որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր նվիրաբերությունը։ Թեկուզ փոքր, բայց կայուն նվիրաբերությունների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք իրագործել մեր առաքելությունը։ Ընկերությունների և համայնքների ճանաչման անվանակարգերը երեքն են, նվիրաբերության նվազագույն շեմը՝ 1 միլիոն ՀՀ դրամ։
Ստորև աղյուսակում կարող եք ծանոթանալ բոլոր անվանակարգերի նկարագրությանը
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի 2020 և 2021 թվականների նվիրաբերողների անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Այս ցանկը ներառում է երկու տարվա մեր նվիրաբերողների անունները։ Այսուհետ Հիմնադրամն ամեն տարի հրապարակելու է յուրաքանչյուր տարվա նվիրաբերողների անվանացանկը։
Գտեք Ձեր անունն այս ցանկում։
Միասին՝ զինվորի կողքին