Շահառուներին. բանկից ուղարկված կարճ հաղորդագրության պարզաբանում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ից Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի գործընկեր բանկերի կողմից շահառուներին ուղղարկված կարճ հաղորդագրությունը շփոթությունների տեղիք է տվել, ցանկանում ենք պարզաբանել հաղորդագրության բովանդակությունը։
Ուղարկված հաղորդագրության տեքստը՝ ստորև.
«Հարգելի հաճախորդ, համաձայն 1000+ հիմնադրամի և բանկի միչև կնքված պայմանագրի 01․10․2022-ից Ձեր հատուցման հաշվի մնացորդի նկատմամբ կկիրառվի տարեկան 5%»։
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը բանկերի հետ ձեռք է բերել համաձայնություն հիմնադրամի շահառուների հաշվի մնացորդների վրա գործարկել տարեկան 5%, որը շահառուի համար ձևավորում է հավելյալ եկամուտ և ավելանում է հաշվի գումարի վրա։ Այսինքն գումարը չի պակասում (սա գանձում կամ միջնորդավճարի պահում չէ), այլ հակառակը՝ ավելանում է։ Այս առավելությունը հասանելի է Հիմնադրամի գործընկեր բոլոր բանկերում․ այն գործարկվել է ի օգուտ մեր շահառուների։
Օրինակ՝ եթե շահառուն Հիմնադրամի կողմից բացված հաշվի վրա ունի 100,000 ՀՀ դրամ մնացորդ, ապա այդ գումարի վրա կգործի տարեկան 5%, որը եռամսյակային կտրվածքով կփոխանցվի շահառուի հաշվին՝ ի լրումն մեր կողմից փոխանցված գումարի։ Այս օրինակով շահառուն տարեկան կտրվածքով կստանա 105,000 ՀՀ դրամ, որից 100,000 ՀՀ դրամը հաշվի վրա եղած գումարն է, իսկ 5,000 ՀՀ դրամը՝ գոյացած հավելյալ եկամուտը (հարկը ներառյալ):