09

Հուն,

2022

Մենք մասնակցեցինք Երևանի գինու օրերին

Դե ինչ, ավարտվեց «Երևանի գինու օրեր» փառատոնը։   

Մեր շահառու տղաները՝ առաջին խմբի զինհաշմանդամություն ունեցող Հովսեփ Առաքելյանը, երկրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցողներ Վահե Քալանթարյանն ու Նորայր Պետրոսյանը, երեք օր շարունակ ներկայացրին ու վաճառեցին իրենց ձեռագործ աշխատանքները։ Սա հիանալի հնարավորություն էր մարդկանց համար շփվելու տղաների հետ, ծանոթանալու նրանց աշխատանքներին ու լսելու նրանց պատմությունը։

Վահեն փայտե իրեր է պատրաստում, և հատկապես նրա փայտե ժամացույցները բոլորի ուշադրության կենտրոնում էին։ Նա նշում է՝ անկախ վաճառքներից ուրախ էր մասնակցել փառատոնին, ներկայացնել իր բիզնեսը, շփվել մարդկանց հետ և նաև հասույթ ունենալ։

Հովսեփի արծաթյա զարդերը գրեթե ոչ ոքի անտարբեր չէին թողնում։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ հայկական զարդանախշերով ու պատմական վայրերի պատկերներով զարդեր էին գնում՝ հիացած գեղեցկությամբ ու յուրօրինակությամբ։

Նորայրը նույնպես աշխատում է փայտով՝ պատրաստելով գինու տուփեր, տակդիրներ բաժակների համար և անգամ պայուսակներ։ Նա հուսով է, որ իրենց աշխատանքները ներկայացնելու, վաճառելու ու մարդկանց հետ շփվելու հնարավորությունները շարունակական կլինեն, իսկ մենք վստահեցնում ենք, որ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը շարունակելու է կանգնել մեր զինծառայողների կողքին, աջակցել ու տալ նոր հարթակներ՝ իրենց պատմությունը պատմելու։

Շնորհակալ ենք մեր տաղավարի կողքով անտարբեր չանցնելու, գնումներ կատարելու և նվիրաբերություններ անելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում Էվենտտուրային և փառատոնի բոլոր կազմակերպիչներին՝ մեզ անվճար տաղավար տրամադրելու և այս հնարավորության համար։ Բարձր ենք գնահատում զինվորի կողքին լինելու ու աջակցելու ձեր պատրաստակամությունը և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կվերածվի գեղեցիկ ավանդույթի։

Միասին՝ զինվորիս կողքին...