25

Ապր,

2022

Համագործակցություն «Հերոսների վերականգնողական քաղաքի հետ»

Մենք շարունակում ենք ընդլայնել համագործակցությունների և ընկերների մեր շրջանակը։ Այդ նպատակով այցելել էինք «Հերոսների վերականգնողական քաղաք», որտեղ պատերազմի մասնակից տղաներն ու նրանց ընտանիքի անդամները հոգեբանական բուժում և աջակցություն են ստանում։

Հանդիպման ընթացքում կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը մեր թիմին ծանոթացրեց կենտրոնի աշխատանքներին, բուժման ժամանակակից և թվային մեթոդներին։  Կենտրոնը գտնվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, և հոգեբանական աջակցության կարիք ունեցող բոլոր զինվորներն ու նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել։

Կենտրոնում գործում է «Վախի սենյակ», որն անվանվել է Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անունով։ Մասնագետներն այդ սենյակում օգնում են պատերազմի թոհուբոհով անցած զինվորներին հաղթահարել պատերազմի վախերը: Սուրեն Արեենցը մեր թիմին ներկայացրեց, որ սենյակը տարածաշրջանում առանձնահատուկ է հենց թվայնացված տեխնոլոգիաներով, բուժման ընթացքում օգտագործվում է հատուկ ակնոց։ Այսինքն` հոգեբանը զրուցում է տղայի հետ, իսկ տեխնիկան օգնում է հասկանալ, թե զրույցի ընթացքում ինչ իմպուլսներ է նա տալիս, ինչից է վախենում մարդը և այլն։

«Հերոսների վերականգնողական քաղաքում» կառուցվում է 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունով պուրակ, որտեղ շահառուների բուժումներն ավելի արդյունավետ և բնությանը մոտ կանցկացվեն։ Տարածքում կառուցվում է նաև հացատուն, որտեղ աշխատելու են զինծառայողների ծնողները։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» և «Հերոսների վերականգնողական քաղաքը» շուտով կունենան ավելի համակարգված և ընդլայնված համագործակցություն՝ ի նպաստ մեր հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների։

Միասին՝ հերոսի կողքին