25

Ապր,

2022

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարած աշխատանքները

«Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ»-ը (ԶԻՆԱՊԱՀ) ապրիլի 22-ի դրությամբ ունի 4,760 շահառու, որից զոհված են 3998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը: Այս տարվա առաջին եռմասյակում նշանակել ենք 70 նոր հատուցում։

«Վերջին պատերազմից առաջ մենք ունեինք 417 դեպք, այսօր արդեն 4,760: Այսինքն՝ տասնապատիկ ավելացել է շահառուների թիվը: Այս ընթացքում մենք հավաքագրել ենք 72 մլրդ ՀՀ դրամ, որից 59 մլրդ ՀՀ դրամն արդեն հատուցվել է: Ինչպես տեսնում եք, գումարների մեծ մասը տրամադրվել է», - ասաց ԶԻՆԱՊԱՀ տնօրենի ժպ Տաթևիկ Յաղջյանը: Մեր հիմնական գումարները հավաքագրվում են Հայաստանի ու Արցախի պարտադիր վճարներից՝ կազմելով 60.9 միլիարդ ՀՀ դրամ: 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով ստացվել է աշխարհի ավելի քան 70 երկրներից:

Տաթևիկ Յաղջյանը ներկայացրեց, որ վերջերս կատարած օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել: Խոսքը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների մասին է: Համաձայն այս փոփոխությամբ ԶԻՆԱՊԱՀ շահառու կարող է դառնալ զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող այն անձը, ով նրա հետ ունի համատեղ զավակ:

«Սա փակում է այն բացը, երբ զինծառայողը փաստացի ամուսնական կապի մեջ է եղել կնոջ հետ, սակայն ամուսնությունը գրանցված չի եղել: Այս դեպքում մնացած շահառուներին հավասար կինը կօգտվի աջակցությունից», - ասաց Տաթևիկ Յաղջյանը:

Հաջորդ փոփոխության համաձայն՝ զինծառայողի քույրերն ու եղբայրները նույնպես կարող են դառնալ շահառու, երբ զինծառայողի հետ կապված չկա որևէ մեկն առաջնային ժառանգներից, որոնք ստանում են հատուցում: Օրինակ` զինծառայողը չունի ծնողներ, ամուսնացած չի եղել, զավակներ չի ունեցել, այդ դեպքում քույրը և եղբայրը կարող են դառնալ շահառու:

Ասուլիսի ընթացքում խոսեցինք նաև ապրիլի 24-ին ընդառաջ անցկացվող «Ի հիշատակ» նվիրաբերության արշավի մեկնարկի մասին: Մարդիկ կարող են նվիրաբերություն կատարել ԶԱՀ-ին՝ հարգանքի տուրք մատուցելով որևէ զոհված անձի հիշատակին՝ այդպիսով կանգնելով հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:

«Նվիրաբերությունը կատարելիս հնարավոր է նշել այն անձի անունը, ում ընտանիքի անդամի հիշատակին եք նվիրաբերություն կատարում: Հիմնադրամն ավտոմատ կերպով հավաստագիր կուղարկի նվիրաբերողի էլեկտրոնային հասցեին, որը կփաստի նվիրաբերության մասին» , - ասաց ԶԱՀ հանրային կապերի պատասխանատու Անի Հարությունյանը:

Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով www.1000plus.am, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը՝ լրացնելով տվյալները կատարել նվիրաբերություն: Արշավի մեկնարկը տրված է, այն բաց է լինելու մինչև ապրիլի 30:

Խոսելով առաջիկա ծրագրերից` նշեցինք նաև, որ ԶԱՀ-ն այս տարի առաջին անգամ մասնակցելու է Երևանի գինու օրեր միջոցառմանը, որը տեղի է ունենալու հունիսի 3-5-ը: Մենք կունենանք տաղավարներ, կներկայացնենք հիմնադրամի պատմությունը, կատարած աշխատանքը: Մասնակցելու են նաև մեր շահառու տղաները՝ ներկայացնելով իրենց ձեռագործ աշխատանքները: