Դեկտեմբերի 29-ին ԶԱՀ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Ֆրանսիայում ստեղծված «Հայաստանի Խաղաղության նախաձեռնության հիմնադրամի» (ՀԽՆ) հետ
Մենք շարունակում ենք ընդլայնել մեր կապերն ու ընկերների շրջանակը։ Պարբերաբար հուշագրեր ստորագրելով հայկական և միջազգային տարբեր հիմնադրամների ու ընկերությունների հետ՝ մենք ավելի մեծ հնարավորություններ ենք ստեղծում՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց ամենաթանկը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին կանգնելու համար։
Դեկտեմբերի 29-ին ԶԱՀ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Ֆրանսիայում ստեղծված «Հայաստանի Խաղաղության նախաձեռնության հիմնադրամի» (ՀԽՆ) (The Armenian Peace Initiative Fund-ի (API)) հետ։ ՀԽՆ- ն նվիրատվության ֆոնդ է՝ միտված օգնելու Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում խաղաղությունը խթանող ցանկացած գործընթացի:
Կողմերի միջև կնքված հուշագրում կարևորվում է ԶԱՀ-ի դերը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման գործում ու շեշտվում, որ կարևոր է մեզ ուղղված ցանկացած աջակցություն։ Այս համագործակցությամբ նաև ՀԽՆ-ն իր բարի համբավով կաջակցի Ֆրանսիայից ԶԱՀ-ին կատարած նվիրաբերությունների փոխանցման և ընդլայնման գործում։
«Հայաստանի Խաղաղության նախաձեռնության հիմնադրամը» դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրած դրամահավաքից հետո՝ հոկտեմբերի 27-ին, 30,000 եվրո միանվագ նվիրաբերություն էր կատարել ԶԱՀ-ին։ Ներկայումս էլ ֆոնդը շարունակում է դրամահավաքներ իրականացնել ֆրանսահայ համայնքում՝ դրանով նաև կապ ստեղծելով համայնքի ու մեր միջև։ Դեկտեմբերի 30-ին ՀԽՆ-ն հավաքագրված 2998 եվրոն փոխանցել էր ԶԱՀ-ին՝ կատարելով հերթական նվիրաբերությունը։
Հանձինս ՀԽՆ-ի և տնօրեն Թալին Փափազյանի, այսուհետ ԶԱՀ-ը Ֆրանսիայի համայնքում վստահելի գործընկերներներ ունի, ովքեր նվիրված են մեր առաքելությանն ու պատրաստ են աջակցել մեզ՝ օգնելու մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Միասին՝ հերոսի կողքին։