04

Հնվ,

2022

ԶԱՀ-ի 2021թ․ ամփոփիչ ասուլիսը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 2021թ․ դեկտեմբերի 23-ի տվյալներով ունի 4,660 շահառու, որից 4,243-ը ավելացել է 44-օրյա պատերազմի հետևանքով և դրանից հետո։ Այս մասին ԶԱՀ-ի 2021թ․ ամփոփիչ ասուլիսում ասաց փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։

Նա հավելեց նաև, որ նշված շահառուներից զոհված են 3,986-ը, անհայտ բացակայող՝ 98-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը։ ԶԱՀ-ը ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 24-ը իրականացրել էր 53․6 մլրդ դրամի հատուցում զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

«Այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չենք վճարել: Թե որքան կավելանա շահառուների թիվը, կդժվարանամ կոնկրետ ասել, սակայն մոտավոր հաշվարկներով 200-250 դեպք կարող է լինել՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ»,-ասաց Սմբատ Սաիյանը:

ԶԱՀ-ը տրամադրում է միանվագ 10 միլիոն դրամ զոհված ու անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200-300 հազար դրամ: Ինչպես նաև միանվագ 5 միլիոն դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100-200 հազար դրամ: Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորների սպայական կոչումով:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանը նշեց, որ 2021 թվականը կարևոր ու փոխակերպման տարի էր ԶԱՀ-ի համար։ Մինչ 2021թ․ հիմնադրամի աշխատանքներն իրականացվում էին ՀՀ Կենտրոնական բանի աշխատակիցների կամավոր ջանքերի շնորհիվ։ Այս տարի, սակայն, ԶԱՀ-ին միացան հոգաբարձուների պրոֆեսիոնալներից կազմված խորհուրդը և պրոֆեսիոնալ թիմը, որն արդեն իր վրա է վերցրել այդ ծանր ու պատասխանատու աշխատանքը։

Սոնա Բաղդասարյանի խոսքով՝ տարվա ընթացքում կենտրոնացել են ԶԱՀ-ի գործունեության մասին տեղեկացվածության բարձրացման վրա, հատկապես Հայաստանի սահմաններից դուրս:

«Հայաստանում տեղեկացվածության պակաս չկա, ցավոք, պատերազմը մտել է բոլորի տները: Բոլորս ունենք ընտանիքի անդամ, ընկեր, բարեկամ, հարևան, որն առնչվել է պատերազմի հետ: Կան զոհեր ու հաշմանդամություն ձեռք բերած անձինք: Դրանով է պայմանավորված, որ կամավոր նվիրաբերությունների շատ մեծ թիվը հենց Հայաստանից է: Շատերը վստահում են ու ներդրում են կատարում»,-ասաց Սոնա Բաղդասարյանը:

Սոնա Բաղդասարյանը նշեց, որ Սփյուռքում հայ համայնքները տեղեկացված չեն հիմնադրամի գործունեությունից: Կան մշտական օժանդակություն ցուցաբերողներ, սակայն նույնիսկ ամենակտիվ համայնքներում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է, տեղեկացվածության պակաս կա: Այդ պատճառով հիմնադրամի թիմի հիմնական գործունեությունն ուղղված էր թե տեղեկացվածության բարձրացմանը, թե ֆոնդհայթայթմանը:

Հայաստանում օրենսդրական փոփոխություն կատարելուց հետո պարտադիր վճարները բարձրացվեցին, և գումարը միջինում երեք անգամ աճել է: Նվիրաբերությունների մեծ մասը իրականացվում է Հայաստանից: Ակտիվություն կա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում:

Սոնա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը նախատեսում է իրականացնել կրթական ծրագրեր՝ ուղղված ֆինանսական գրագիտությանը: «Փորձում ենք գնահատել ֆինանսական ոլորտում մեր շահառուների գիտելիքները և հասկանալ, թե ինչ կարիքներ ունեն, որ հիմնադրամից ստացվող բավականին մեծ և երկարաժամկետ հատուցումները առավելագույնս օգտագործվեն ի բարօրություն իրենց»,- նշել է Սոնա Բաղդասարյանը: