11

Հուն,

2021

Կապիր որ․․

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Մեգերյան կարպետ ընկերության համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդանշական Արևագորգը, Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում սպասում է կապեր հանգուցողներին։

Հունիսի 4-ին հյուրանոցի ճեմասրահում տեղադրվեց դազգահ, որի վրա գորգագործը մի քանի ամսում պետք է գործի Արևագորգ։ Այն պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ Մարիոթի ճեմասրահում` մուտքից աջ, տեղադրված դազգահի մոտ հանգուցողներին սպասելու է գորգագործուհի Գոհարը։ Նրա աշխատանքային ժամերն են 10։00-19։00, շաբաթ օրերին՝ 11։00-17։00-ը, ընդմիջաման ժամն է 14։00-15։00-ը։

Հայկական ավանդության մեջ գոյություն ունի հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ ենք փոխանցել սերնդեսերունդ։ Այս նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։  

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ:

Մենք սիրով սպասում ենք նաև մեր սփյուռքահայ ազգակիցներին մասնակցելու գորգագործությանը՝ www.megerian.1000plus.am կայքի միջոցով՝ յուրաքանչյուր հանգույցի համար վճարելով 2 դոլար, եվրա կամ 150 ռուբլի։  

Պատրաստ Արևագորգը աճուրդի կհանվի։ Արևագորգի համար նվիրաբերված յուրաքանչյուր լուման հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 

Միջոցառման հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն ասում է․ «Կապեք ձեր հանգույցը և թող այս գորգի յուրաքանչյուր հանգույց՝ գործված սիրով ու հոգատարությամբ, հավատքով ու կամքով, դարձնի մեզ ամուր թիկունք՝ Հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի ու նրա ընտանիքի համար»։

Գորգի կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայկական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը միջոցառման ժամանակ նշեց, որ Հիմնադրամն այս պահին ունի դրամահայթայթման կարիք․ «Հիմնադրամն էլ ասես այս հանգույցվող գորգը լինի, ամեն հանգույցը կարևոր է եղել ստեղծման առաջին օրից։ Այն գործել ենք, հանգուցել ենք ազգովի՝ հիմնադրամը մեր ազգի ձեռքբերումն է։ Չի լինելու որևէ դեպք, որը չհատուցվի․ Հիմնադրամի թիմն անում է հնարավորն ու անհնարը այդ ուղղությամբ»։

Միջոցառման ժամանակ ներկա էին մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած տղաներ, որոնք Հիմնադրամի շահառու են։ Ներկաները սիրով ունկնդրեցին Միքայել Ոսկանյանի ազգային երաժշտության ժամանակակից մատուցումները։