10

Մայ,

2021

600-ից ավելի մասնակիցներ վազեցին՝ սատարելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 6,700,000 ՀՀ դրամ։

Նշված նվիրաբերությունները ձևավորվել են վազորդների գրանցման վճարներից (3,645,450 ՀՀ դրամ), հովանավորների տրամադրած միջոցների խնայողությունից (2,249,598 ՀՀ դրամ) և հավելյալ նվիրաբերություններից (804,952 ՀՀ դրամ)։

Մրցարշավին մասնակցեցին 615 վազորդ։ Մանկական մրցավազքին մասնակցեցին նաև մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված բազմազավակ զինծառայողների երեխաները։

Մրցավազքի նպատակն էր օժանդակել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ու նրանց ընտանիքներին կայուն և հավասար հատուցումներ տրամադրող հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես հնարավորություն ունեցան վիրտուալ կերպով մասնակցել մրցավազքին։

Միջոցառման կազմակերպչական ծախսերը հոգացել են հովանավորները, իսկ վազորդների գրանցման վճարներն ու հավելյալ նվիրաբերություններն ամբողջությամբ ուղղվել են հիմնադրամին։

«Իր 25-ամյա գործունեության ընթացքում Ինեկոբանկը սատարել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ, սակայն Երևանի գարնանային վազքն առանձնահատուկ է այն միավորում է առողջ, ակտիվ ապրելակերպ վարող և սոցիալական բարձր պատասխանատվության զգացում ունեցող գիտակից մարդկանց։ Այսօր զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին կանգնելը յուրաքանչյուրիս առաջնահերթությունն է»,- նշում է միջոցառման գլխավոր հովանավոր Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Բարեգործական մրցավազքի կազմակերպիչներ են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, TriClub Yerevan մարզական ակումբը և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը:

«Արմ Մարաթոն» հիմնադրամը Երևանի մարաթոնի և Երևանի գարնանային վազքի կազմակերպիչն է։ Գարնանային վազքը կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ և միշտ եղել է բարեգործական, վազորդների գրանցման վճարը ուղղվել է բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Արմ Մարաթոնի նպատակն է զարգանցել մասսայական վազքի մշակույթը, խթանել առողջ ապրելակերպը և նպաստել սպորտային տուրիզմի զարգացմանը դեպի Հայաստան։

2021թ. գարնանային բարեգործական վազքի գլխավոր հովանավորն էր Ինեկոբանկը:

Պաշտոնական հովանավորներն էին Բարրի և Արիդես կազմակերպությունները, Արմենբրոկ ներդրումային ընկերությունը, Լիկվոր դեղագործական ընկերությունը, Բիլայն (Bi Line) ընկերությունը և Ֆլորենս ռեստորանը։

Jur.am-ը միջոցառման մասնակիցներին ապահովեց ջրով։

Միջոցառման աջակիցներն էին՝ Geo-Vibe կազմակերպությունը, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնը, gg ընկերությունը և Wine Republic ռեստորանը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր մասնակիցներին, միջոցառման համակազմակերպիչներին, բոլոր հովանավորներին, գործընկերներին, աջակիցներին, հաղորդավար Սերգեյ Սարգսյանին, դիջեյ Վակցինային, նաև Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպության նվագախմբին և Երևանի քաղաքապետարանին։