05

Ապր,

2019

2008-2016թթ.-ի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ից հետո տեղի ունեցած դեպքերի մասով, որոնց վերաբերյալ կարգավորումները սահմանված են Օրենքով (տե՛ս Իրավական ակտեր, հղում 1):

 

2008-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է առանձին որոշումներ: Տվյալ հատուցումները համարվում են Հիմնադրամի կողմից Օրենքով սահմանված հատուցումներից բացառություններ, որոնց տրամադրման ընթացակարգն ու պայմանները կարգավորվում են համապատասխան որոշումներով (տե՛ս Իրավական ակտեր, հղում 3, 4): 

 

Ստորև կարող եք գտնել 2008-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով Հիմնադրամին հաճախ տրվող հարցերի պատասխանները:

Ո՞ր դեպքերով կտրամադրվեն հատուցումներ

Օրենքի և Որոշումների համաձայն կտրամադրվեն հատուցումներ, եթե

  1. Դեպքը տեղի է ունեցել 2008-2016թթ.-ի ընթացքում
  2. Զինծառայողը զոհվել է կամ ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն
  3. Դեպքը տեղի է ունեցել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

 

 

Արդյոք զինծառայողներին կամ վերջինիս ընտանիքի անդամներին կտրամադրվեն միանվագ հատուցումներ

Որոշումների համաձայն 2008-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով չեն տրամադրվում միանվագ հատուցումներ:

Ինչպե՞ս է որոշվում հատուցումների տրամադրման ժամանակահատվածը

Հատուցումների ժամանակահատվածը սահմանված է Օրենքով և միասնական է բոլոր դեպքերի համար: Հատուցումները տրամադրվում են 20 տարվա կտրվածքով:

Ինչպե՞ս է որոշվում հատուցման չափը

Հատուցման չափը հավասար է Օրենքով սահմանված հատուցման գումարի և զինծառայողին կամ վերջինիս ընտանիքին տրամադրվող պետական կենսաթոշակի գումարի դրական տարբերությանը:

Օրենքով սահմանված հատուցումների չափերն ու դասակարգումները.

Զինծառայողի աստիճան

Զոհված զինծառայող

I կարգի հաշմանդամություն

II կարգի հաշմանդամություն

Սպայական կազմի զինծառայող

300,000

300,000

200,000

Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայող, տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ կամավորագրված անձ

250,000

250,000

150,000

Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպա կամ շարքային զինծառայող

200,000

 

200,000

 

100,000

 

 

*Օրինակ, եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից ստանում է 60,000 ՀՀ դրամ, ապա Հիմնադրամից կստանա ամսական 240,000 ՀՀ դրամ (300,000 ՀՀ դրամ – 60,000 ՀՀ դրամ):

 

Արդյոք ընտանիքներին տրամադրվելու է լրացուցիչ գումար երեք կամ ավելի անչափահաս երեխաների առկայության դեպքում

Ընտանիքն այս դեպքում կստանա ի հավելումն 100,000 ՀՀ դրամ ամսական հատուցում, որը կշարունակի տրամադրվել մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը:

Ուշադրություն. 100 000 դրամ լրացուցիչ գումարը տրամադրվում է ամբողջությամբ, անկախ զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին վճարվող պետական կենսաթոշակի ընդհանուր գումարի չափից:

*Օրինակ, եթե զոհված սպայի ընտանիքը ստանում է 400,000 ՀՀ դրամ պետական կենսաթոշակ և ընտանիքում առկա է 3 անչափահաս երեխա, ընտանիքը Հիմնադրամից միևնույն է կստանա ամսական 100,000 ՀՀ դրամ լրացուցիչ գումար:

Արդյոք «Մարտական խաչ» շքանշանի համար տրամադրվող պարգևավճարի գումարը դիտարկվում է որպես կենսաթոշակ և նվազեցվում Հիմնադրամի կողմից տրամադրվող հատուցման գումարից

«Մարտական խաչ» շքանշանի համար տրամադրվող պարգևավճարը չի հաշվարկվում պետական կենսաթոշակի գումարի մեջ և չի մասհանվում Հիմնադրամի կողմից տրամադրվող հատուցման գումարից:

*Օրինակ, եթե զոհված սպայի ընտանիքը ստանում է 200,000 դրամ պետական կենսաթոշակ, որից 100,000 ՀՀ դրամը «Մարտական խաչ» պարգևավճարն է, ապա հասանելիք 300,000 ՀՀ դրամից կնվազեցվի միայն 100,000 ՀՀ դրամը:

Ե՞րբ են սկսվելու կատարվել հատուցումները

Պաշտպանության նախարարությունից տրամադրվող հատուցման դեպքերի մասին փաթեթները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների հանձնաժողովը կկայացվի որոշում հատուցումները տրամադրելու մասին: Շահառուների համար Հիմնադրամի գործընկեր բանկերից մեկում կբացվեն անվճար սպասարկվող բանկային հաշիվներ, որոնց վրա էլ կփոխանցվեն ամսական հատուցման գումարները:

Ուշադրություն. անկախ վճարումը փաստացի կատարելու ժամկետից՝ վճարումների հաշվարկման համար հիմք է ընդունվում 2019 թվականի ապրիլի 1-ը:

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

  1. «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենք (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=118758 )
  2. «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 86 որոշում (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=127400 )
  3. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից 2015-2016թթ.ին տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումներ տրամադրելու մասին» որոշում (հղումը՝ https://www.1000plus.am/content/filemanager/2015-2016%20Voroshum.pdf )
  4. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից 2004-2008թթ.ին տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումներ տրամադրելու մասին» որոշում (հղումը՝ https://www.1000plus.am/content/filemanager/11,10.%202008-2014%D5%A9%D5%A9.-%D5%AB%20%D5%A3%D5%AE%D5%B8%D5%BE%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4.pdf )

 

ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՆԵՐԲԵՌՆԵԼ ՍԵՂՄԵԼՈՎ ԱՅՍՏԵՂ: