09

Օգս,

2018

Հատուցումներ կտրամադրվեն 2015-2016թթ.-ի ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ուրախ ենք հայտնել, որ առաջիկա ամիսներին 2015-2016թթ.-ին զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվեն հատուցումներ:

Այս հատուցումները կտրամադրվեն մարտական գործողությունների ընթացքում զոհված, I կամ II կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:

Հատուցումներ կտրամադրվեն շուրջ 180 դեպքերի մասով, որոնց գծով Հիմնադրամի պարտավորությունները կկազմեն մոտ 6.000.000.000 ՀՀ դրամ:

Հիմնադրամը զինծառայողներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից սովորաբար վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Այսպես` օրինակ, եթե Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում զոհված սպայի ընտանիքի անդամները, որոնք ստանում են 60,000 ՀՀ դրամ պարգևավճար, Հիմնադրամի կողմից տրամադրվող 300,000 ՀՀ դրամ ամսական հատուցումից կկատարվի մասհանում և ընտանիքին կտրամադրի 240,000 ՀՀ դրամի չափով ամսական հատուցում:

Այն դեպքում, երբ զինծառայողն ունի երեք կամ ավելի անչափահաս երեխա, ամսական գումարին կավելանա լրացուցիչ 100.000 ՀՀ դրամ:

 

Հիշեցնենք, որ «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառնված վնասների մասին» ՀՀ օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդն իրավասու է կայացնել որոշում 2017թ.-ից առաջ տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումներ տրամադրելու մասին: Հաշվի առնելով այդ հնարավորությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Հիմնադրամի հավաքագրած միջոցների չափն ու կատարված ֆինանսական հաշվարկները հնարավոր դարձավ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումների տրամադրումը: