Առաքելություն
Հայրենիքի խաղաղության և սերունդների անվտանգ ապագայի համար զինվորի կողմից վճարած գինը գիտակցելով՝ ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկներին ու նրանց ընտանիքներին սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել է 2017 թվականին, գործում է համապատասխան օրենքի հիման վրա ու հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: ԶԻՆԱՊԱՀԸ շահույթ չհետապնող և անկախ կառույց է, որի միջոցները գոյանում են Հայաստանի ու Արցախի հարկատուների ամսական պարտադիր վճարումներից (ըստ եկամուտների չափի), ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից ամբողջ աշխարհից։
ԶԻՆԱՊԱՀԻ առաջնային սկզբունքներն են.
- մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների ֆինանսական կայունության ապահովումը,
- արդար ու ոչ խտրական ֆինանսական հատուցումների տրամադրումը,
- մեր գործունեության թափանցիկ հաշվետվողականությունը:
Կայքում կարելի է տեսնել Ձեր կողմից կատարված թե՛ պարտադիր վճարումները, և թե՛ նվիրաբերությունները: Թափանցիկության սկզբունքից ելնելով՝ յուրաքանչյուր պահի կարելի է տեսնել նաև ԶԻՆԱՊԱՀԻ կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը: Հիմնադրամը յուրաքանչյուր տարի անցնում է անկախ աուդիտորական ստուգում, կայքում առկա են անկախ աուդիտի և տնօրենի հաշվետվությունները։
ԶԻՆԱՊԱՀԻՆ կատարված նվիրաբերությունների և պարտադիր վճարների յուրաքանչյուր լուման բացառապես ուղղվում է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինվորին կամ նրա ընտանիքին հատուցում տրամադրելու առաքելությանը:
Նվիրատվություն կատարելով Հիմնադրամին՝ Դուք ապահովագրում եք հայոց բանակի զինվորի կյանքն ու առողջությունը։ Այսօր բոլորիս պարտքն է կանգնել զոհված, անհայտ բացակայող ճանաչված մարտիկի ընտանիքի և հաշմանդամություն ձեռք բերած զինվորի թիկունքին։