Հաճախ տրվող հարցեր
Ոչ, նման ժամկետ սահմանված չէ։
Հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված (անհայտ բացակայող ճանաչված) զինծառայողի ընտանիքի անդամը կարող է դիմել ԶԻՆԱՊԱՀԻ շահառու ճանաչվելու նպատակով՝ անկախ դեպքը տեղի ունենալուց հետո անցած ժամկետից։
ԶԻՆԱՊԱՀԻ շահառու ճանաչվելու համար համապատասխան պետական մարմնին է ներկայացվում․
- սահմանված ձևի դիմում (լրացվում է տեղում)․
- զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.
- մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ.
- զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը.
- հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը).
- օրենքով սահմանված շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող այլ փաստաթղթեր` ամուսնության (ամուսնալուծության), ծննդյան կամ մահվան վկայականները, դատական ակտերը, տեղեկանքները և այլն։
Ընդ որում, դիմումը ստորագրում է շահառուն անձամբ կամ շահառուի լիազորած անձը՝ լիազորագրի առկայության դեպքում։
Երբ մարտական գործողություններում ստացված վնասվածքների հետևանքով առաջացած մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով զինծառայողը չի կարող ներկայացնել համապատասխան դիմում, ապա հատուցման գումարը ստանալու համար դիմում են զինծառայողի ընտանիքի անդամները և հատուցման գումարը վճարվում է զինծառայողի ընտանիքի անդամներին՝ ըստ զոհված զինծառայողների համար նախատեսված կարգի:
Հատուցման համար նախատեսված ամբողջ գումարից միանվագ վճարվում է՝
- 10 մլն. դրամ՝ զոհվածի և անհայտ բացակայողի ընտանիքի անդամներին
- 5 մլն. դրամը զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկներին,
Իսկ նախատեսված գումարի մնացորդը՝ հատուցվում է ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Ընդ որում, եթե հաշմանդամությունը սահմանվել է ժամկետով, ապա ամսական հավասար վճարները տրվում են մինչև հաշմանդամության ժամկետը լրանալը, իսկ վերափորձաքննութայն արդյունքում կրկին 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ ամսական հավասար վճարները վերսկսվում են։
Կախված ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական գործունեության արդյունքներից՝ ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝ հատուցման գումարների վճարումը 20 տարվա ավարտից հետո շարունակելու վերաբերյալ՝ ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի սահմանած պայմաններով և կարգով։
Յուրաքանչյուր շահառուին վճարման ենթակա՝ միանվագ վճարվող գումարի չափը և ամսական հավասար վճարի չափը որոշվում է, համապատասխանաբար, հատուցման միանվագ վճարվող գումարը և ամսական հավասար վճարը բոլոր շահառուների թվի վրա բաժանելու միջոցով։
Երեք և ավելի երեխայի (անչափահաս կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակի) դեպքում տրվող լրացուցիչ գումարը վճարվում է բացառապես այդ գումարի իրավունք ունեցող երեխաներին։ Ըստ այդմ, յուրաքանչյուր երեխային (անչափահաս կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակի) վճարման ենթակա լրացուցիչ գումարի չափը որոշվում է, լրացուցիչ գումարը՝ 100,000 դրամը լրացուցիչ գումարի իրավունք ունեցող բոլոր երեխաների և զավակների թվի վրա բաժանելու միջոցով։
Մարտական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի (շահառուի) մահվան դեպքում այդ զինծառայողի`վճարման ենթակա հատուցման գումար ստանալու իրավունքը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և դադարում է:
Մարտական գործողությունների հետևանքով զոհված/մահացած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի՝ շահառուի մահվան դեպքում այդ անձին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և հավասարաչափ բաժանվում/վերաբաշխվում է մնացած շահառուների միջև:
Ընդ որում, ԶԻՆԱՊԱՀԸ ինքնաշխատ եղանակաով ՔԿԱԳ մարմիններից ստանում է շահառուների մահվան վերաբերյալ տեղեկատվությունը։ Հետևաբար, շահառուի մահվան վկայականը ԶԻՆԱՊԱՀԻ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Հատուցման գումարները վճարվում են անձամբ շահառուին կամ շահառուի համաձայնությամբ այլ շահառուի միջոցով։
Անչափահաս (անգործունակ) շահառուի գումարները վճարվում են նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի, հոգաբարձուի կամ խնամակալի) միջոցով, կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ այլ շահառուի միջոցով։
Միանվագ գումարը, ինչպես նաև ամսական հավասար առաջին վճարման գումարը ԶԻՆԱՊԱՀԸ շահառուի (կամ օրինական ներկայացուցչի) բանկային հաշվին է փոխանցում 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ամսական հավասարաչափ վճարումը շահառուի (կամ օրինական ներկայացուցչի) բանկային հաշվին է փոխանցում տվյալ ամսվա ընթացքում ըստ ԶԻՆԱՊԱՀԻ վճարման գրաֆիկի ընթացիկ ամսվա 5-ին կամ 15-ին։
Շահառուն իրավունք ունի ցանկացած պահի դիմել ԶԻՆԱՊԱՀԻՆ՝ հատուցման գումարի իր մասնաբաժինը անձամբ իրեն վճարելու համար։ Անչափահաս (անգործունակ) շահառուի դպքում այդ դիմումը ներկայացնում է օրինական ներկայացուցիչը։
Դիմումը ներակայցվում է Համապատասխան պետական մարմին (որտեղ ծառայել է զինծառայողը) կամ ԶԻՆԱՊԱՀԻՆ։ Ընդ որում, այս դեպքում հատուցման գումարը նոր դիմումի համաձայն վճարվում է այդ դիմումը ԶԻՆԱՊԱՀԻ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից։
Հատուցման գումարները վճարվում են բացառապես բացառապես ԶԱՀ-ի գործընկեր բանկերում շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի անունով բացված՝ հատուկ բանկային հաշիվների միջոցով։
Վերը նշված հատուկ բանկային հաշիվների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Այսինքն, որևէ մարմին կամ կազմակերպություն որևէ կերպ չի կարող սահմանափակվել շահառուի հասանելիությունը հատուցման գումարներին։
Եթե հաշմանդամությունը սահմանվել է ժամկետով, ապա ամսական հավասար վճարները տրվում են մինչև հաշմանդամության ժամկետը լրանալը և հավասար վճարները վերսկսվում են վերափորձաքննութայն արդյունքում կրկին 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում։ Այս դեպքում, ամսական հավասար վճարները վերսկսվում են՝
- վերջին անգամ ամսական հավասար վճարներ վճարելու հաջորդ ամսվանից, եթե անձը կրկին հաշմանդամ է ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում:
- հաշմանդամ ճանաչվելու ամսվանից, եթե կրկին հաշմանդամ է ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո:
Մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձին ամսական հավասար վճարները վճարելու համար սահմանված 20-ամյա ժամկետում չեն հաշվառվում այն ժամանակահատվածները (ամիսները), որոնց ընթացքում անձը չի հանդիսացել ԶԻՆԱՊԱՀԻ շահառու (չի ունեցել ամսական հավասար վճար ստանալու իրավունք):
Վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու դեպքում՝ ամսական հավասար վճարները դադարեցվում են (չեն վերսկսվում)։
Եթե պարզվում է, որ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներից (պոտենցիալ շահառուներից) մեկը ՀՀ-ում չէ կամ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել դիմումը կամ ունի փաստաթղթային խնդիր (օրինակ, չի կարողանում ներկայացնել շահառու լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ), ապա ԶԻՆԱՊԱՀԸ վճարում է հատուցման գումարների՝ մյուս շահառուների մասնաբաժինը՝ 6-ամսյա ժամկետով կասեցնելով ընտանիքի այդ անդամի վճարման ենթակա գումարի վճարումը։
Վերը նշված 6-ամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու (դիմումը չստորագրելու) դեպքում ընտանիքի այդ անդամի վճարման ենթակա գումարը հավասարաչափ բաժանվում է (վերաբաշխվում է) մնացած շահառուների միջև։
Նույն ընթացակարգն է գործում նաև այն դեպքում, երբ դատական կարգով վիճարկվում է զինծառայողի ընտանքի անդամի՝ հատուցում ստանալու իրավունքը։ Ընդ որում, այս դեպքում ընտանիքի այդ անդամի վճարման ենթակա գումարը կասեցվում է մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։