2025թ․ ապրիլի 29-ին տեղի ունեցավ ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ամենամյա հաշվետու մամլո ասուլիսը, որի ընթացքում ԶԻՆԱՊԱՀԻ hոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց ԶԻՆԱՊԱՀԻ երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2024թ․ տարեկան և 2025թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԻՆԱՊԱՀԻ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը ներկայացրեց նոր ծրագրերը՝ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը, ԶԻՆԱՊԱՀԻ կայքէջի վերազինումը և «Ես որոշեցի պայքարել․․․» տեղեկատվական արշավը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն անդրադարձավ վերջին օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ հնարավորություն է ստացել ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև աջակցման ծրագրեր։ Անդրադառնալով արդեն իրականացված աջակցման ծրագրերին՝ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին տրամադրվող հատուցման գումարների 26%-ով բարձրացումը 2024թ․ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն աճել են մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»։
2024թ․ սեպտեմբերին կյանքի կոչվեց ևս մեկ աջակցման ծրագիր, որը վերաբերում է ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաներին, որի շրջանակներում այդ ընտանիքներին տրամադրվում է ամսական 50,000-ական դրամ։ Աջակցման այս ծրագիրն ունի 62 շահառու երեխաներ, ում արդեն տրամադրվել է ընդհանուր առմամբ 20մլն ՀՀ դրամ։
ԶԻՆԱՊԱՀԻ մեկ այլ օրենսդրական փոփոխություն վերաբերում է զինհաշմանդամություն ունեցող շահառուներին։ Համաձայն այդ փոփոխության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել է, շարունակում են ստանալ ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։ Օրենսդրական այս փոփոխությունը իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ համատեղ՝ կարևորելով ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների առաջարկությունները, ինչպես նաև փորձելով սատար կանգնել և բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար։
Իրինա Սեյլանյանն անդրադարձ կատարեց նաև գալիք սոցիալական ծրագրերին, մասնավորապես՝ զինհաշմանդամների աջակցող միջոցների տրամադրմանը։ «Համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մենք ստանձնել ենք ԶԻՆԱՊԱՀԻ շահառու հաշմանդամություն ունեցող զինծառայողներին աջակցող միջոցների, ինչպես օրինակ` պրոթեզների, հաշմանդամության սայլակների, քայլակների, լսողական սարքերի տրամադրման նախագծի ֆինանսավորումը, որը հնարավորություն կտա զինհաշմանդամություն ունեցող մեր շահառուներին տրամադրել որակյալ և ժամանակին ծառայություն»,- նշեց Սեյլանյանը։
Մամուլի ասուլիսը շարունակեց Կարինե Սարգսյանը, որը ներկայացրեց 2024-2025թթ․ 1-ին եռամսյակի ավարտին կատարված աշխատանքը։
2017-2025թթ․ 1-ին եռամսյակի ավարտին ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է տրամադրել 5,491 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի (նախկինում՝ 1-ին և 2-րդ խմբի) զինհաշմանդամություն ունեցող զինծառայողների։ Միայն 2024թ․ շահառու է դարձել 284 զինծառայող, իսկ 2025թ․ 1-ին եռամսյակում՝ 9 զինծառայող անցյալ տարվա 147-ի համեմատ։
2017-2025թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է մոտ 197 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ շուրջ 13 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 28 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 113 մլրդ ՀՀ դրամի չափով։
Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց զոհված զինծառայողերի ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր զինծառայողներին։
«Այս նախագծի նպատակն է ճանաչել և հարգանքի տուրք մատուցել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։ ԶԻՆԱՊԱՀԻ կայքում հրապարակվել է շուրջ 4,300 զոհերի լուսնկարները և փոքրիկ պատմությունները»,- նշեց Նարինե Գալստյանը։
ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Ես որոշեցի պայքարել․․․» արշավը՝ նպատակ ունենալով հանրությանը ցույց տալ ԶԻՆԱՊԱՀԻ շահառու՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կյանքը և առօրյան պատերազմից հետո։ Այս տեսանյութի նկարահանմանը մասնակցել են ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներ Շահենը, Էդմոնը և Սեյրանը։ «Մենք լիահույս ենք, որ Շահենի, Սեյրանի և Էդմոնի օրինակը վարակիչ կլինի ԶԻՆԱՊԱՀԻ՝ զինհաշմանդամություն ձեռք բերած այլ շահառուների կամ պարզապես պատերազմի մասնակից զինծառայողների համար, ովքեր դժվարությունների են հանդիպում վերաինտեգրման փուլում»,- հավելեց Նարինե Գալստյանը։
Միասին՝ զինվորիս կողքին․․․